Ագաթա Քրիստի
Կարդում էի Ագաթայի ամենահանճարեղ գործերից մեկը` Ծռմռված տունը։ Գրքի նկարագրության մեջ կարդացել էի, որ հեղինակի ամենասիրելի պատմություններից է ու պատրաստվել էի, որ շփոթեցնող ու անսպասելի վերջաբանով գիրք եմ կարդալու։ Չէի սխալվել. գիրքը փակել եմ խաբված ու ապշած։ Սպանվել էր ծռմռված տան բնակիչներից մեկը։ Առաջին հայացքից սպանվածը մահացել էր սովորական մահով, քանի որ արդեն բավականին ծեր էր, բայց թոռնուհին վստահ էր, որ պապին սպանել են։ Թոռնուհին չէր սխալվում. կար սպանություն։ Ոստիկանության հետ գործը բացահայտելու է գալիս Չարլզը, այս գրքի գլխավոր հերոսներից մեկը, ում հետ պետք է ամուսնանար սպանվածի թոռնուհին, սակայն հանգամանքները ստիպում են սպասել։ Չարլզի համար այդքան էլ դյուրին չէր հանցագործին գտնելը, քանի որ նա շատ լավ էր քողարկվել և չէր պատրաստվում կանգ առնել։ Վերջիվերջո հանցագործի անունը բացահայտվեց, բայց այս գրքում մի փոքրիկ բելգիացի խուզարկու էր պակասում, քանի որ Չարլզի գորշ բջիջներն ավելի դժվար էին աշխատում։ Անկախ ամեն ինչից այս գործը իրոք լավագույններից մեկն էր։ Ագաթայի դեռ շատ գրքեր ունեմ կարդալու, սակայն համոզված եմ, որ սա կմնա ամենասիրելիների շարքում, քանի որ նման շրջադարձ ու ավարտ չէի ակնկալում։