Մեր մասին

Կոտայքի մարզային գրադարանը ամենամեծն է մարզում:
Այս աշխույժ համայնքային կենտրոնը միավորում է բոլոր տարիքների գրքասերներին՝ համատեղելով ավանդական և արդիական կրթական ու ժամանցային ձևաչափեր:

Գրադարանի հավաքածուն 2019թ-ին կազմել է շուրջ 81,000 գիրք, ընթերցողների թիվը կազմել է ավելի քան 5000: Հավաքածուն հիմնականում ներառում է հայերեն և օտարալեզու գեղարվեստական գրքեր, հանրամատչելի տեղեկատու գրականություն, ուսումնական և մեթոդական ձեռնարկներ, բառարաններ, ատլասներ, տեսալսողական նյութեր և այլն: Այն մշտապես համալրվում է արդիական գրականությամբ: Գրադարանը կատարում է պարբերական մամուլի բաժանորդագրություն և ապահովում է ընթերցողների տեղեկատու-մատենագիտական սպասարկումը:
Գրադարանն ունի երեք բաժին՝ սպասրկման և միջոցառումների կազմակերպման բաժին, մանկական բաժին, գրադարանային հավաքածուի պահպանման, համալրման, մշակման և մատենագիտական աշխատաքների բաժին՝ երկու ենթաբաժիններով:
Սպասարկման և մանկական բաժիններում ընթերցողները կարող են ազատ մտնել գրապահոցներ: Գրադարանի հաճախորդները կարող են օգտվել նաև համակարգիչներից և համացանցից:
Գրադարանի բազմաֆունկցիոնալ տարածքում կազմակերպում են գրքերի շնորհանդեսներ, գրական-երաժշտական ցերեկույթներ, ցուցահանդեսներ, դասախոսություններ, սեմինարներ, ֆիլմերի դիտումներ, ինչպես նաև հանդիպումներ գրողների, արվեստագետների և այլ նշանավոր մարդկանց հետ:
«Ընթերցում են հայտնիները» միջոցառումների շրջանակում նշանավոր մարդիկ հեքիաթներ կամ փոքրիկ պատմվածքներ են ընթերցում մանուկ ընթերցողների համար, զրուցում նրանց հետ:
«Մերոնք» շարքի միջոցառումներում գրադարանը ներկայացնում է Կոտայքի վաստակավոր գրողներին, նկարիչներին, դերասաններին և մշակութային այլ գործիչների:
2016 թվականին գրադարանում ստեղծվեց տիկնիկային թատրոն, որի 50 ներկայացումներն արդեն դիտել է շուրջ 2500 հանդիսատես՝ Հրազդանից և Կոտայքի մարզի այլ բնակավայրերից:
2018 թվականին գրադարանում բացվեց իսպանական գրականության անկյունը: Գրադարանը մասնակցում է հայաստանյան գրադարանների էլեկտրոնային գրացուցակի ստեղծման աշխատանքներին: Այս գրացուցակը տեղեկություն է տալիս ՀՀ խոշոր գրադարանների գրքային հավաքածուների վերաբերյալ՝ ավելի հասանելի դարձնելով ավանդական գրադարանային հավաքածուները: Հասցեն՝ https://armunicat.nla.am/:

Գրադարանը մշտապես նոր հարթակներ և ձևաչափեր է գտնում գրականությունն ու գրական մշակույթը ներկայացնելու և մեր համայնքի հետ անմիջական կապ ապահովելու համար:
2019 թվականից մենք պատրաստում ենք դպրոցական և արտադասարանային ընթերցանության ծրագրերում ընդգրկված գրականության աուդիո տարբերակներ, որոնք “UshiUshov” փոդքասթի միջոցով ներկայացնում ենք մեր ընթերցողներին:
Հասցեն՝ https://player.whooshkaa.com/ushiushov
«Կոտայքի մարզային գրադարան» ՊՈԱԿ-ը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ:
Գրադարանի բոլոր ծառայություններն անվճար են, օգտվել կարող է յուրաքանչյուր ոք:

Secured By miniOrange