Նիլ Գեյման
Ի՞նչ կլիներ, եթե Քորլայն անունով հետաքրքրասեր աղջնակը չգտներ գրքի ընթացքը փոխող դուռը։ Իհարկե, չէր լինի այս գիրքը։ Ու միգուցե Քորլայնը չիմանար իր ուրիշ մայրիկի, ուրիշ հայրիկի ու դռան ետևում իրեն սպասող այլ սարսափների մասին։ Բայց ամեն ինչ հերթով։Նախ ծանոթանանք խիզախ Քորլայնի հետ։ Աղջնակն իր ծնողների հետ տեղափոխվել էր նոր, չափազանց մեծ տուն։ Քորլայնը շատ հետաքրքրասեր էր, սիրում էր ուսումնասիրել տունն ու տանից դուրս գտնվող տարածքը։ Նրա ուսումնասիրությունները նույն ոգով էլ կշարունակվեին, եթե մի օր հետաքրքրությունը նրան չտաներ դեպի փակ դուռն ու չստիպեր այն բացել։ Իսկ դռան ետևում մթություն էր, որը Քորլայնին տարավ իր ուրիշ աշխարհը, որտեղ մարդկանց աչքերի փոխարեն կոճակներ էին կարված և ամեն ինչ ուներ կյանք։ Ո՞վ էր ուրիշ մայրիկն ու ինչու՞ էր ուզում, որ Քորլայնը մնար իր հետ, ինչու՞ Քորլայնը պետք է փրկեր իր իրական ծնողների կյանքը։ Այս ամենն իհարկե կիմանաք միայն կարդալուց հետո։ Տանել չեմ կարողանում, երբ հեքիաթի գլխավոր հերոսուհուն ներկայացնում են որպես արքայազնին սպասող թույլ աղջիկ, ում խնդիրները պետք է լուծի հենց այդ արքայազնը։ Ես սիրում եմ հեքիաթի ուժեղ հերոսուհիներին, իսկ Քորլայնը այդպիսին է։ Այս քաջ աղջնակը սովորեցնում է հաղթել սեփական վախերին, դուրս գալ դրանց դեմ ու անցնել դրանց միջով այնպես, ասես գոյություն չունեն։ Սա մութ հեքիաթ էր, որն իրականում սեփական ուժերի հանդեպ հավատի լույս է տալիս ընթերցողին։ Կարևոր չէ` դուք մե՞ծ եք, թե՞ փոքր, միևնույն է սիրելու եք այս հեքիաթը։
Նյութը՝ Սեդ Հարությունյանի