Ստորաբաժանումներ


Գրադարանն ունի 3 բաժիններ՝ սպասարկման բաժին, մանկական բաժին, գրադարանային հավաքածուի պահպանման, hամալրման, մշակման և մատենագիտական աշխատանքների բաժին:

Սպասարկման և միջոցառումների կազմակերպման բաժին

Սպասարկման բաժինն ունի իր առանձին գրքային հավաքածուն, որը պարբերաբար համալրվում է բոլոր ճյուղերի վերաբերյալ արդիական գրականությամբ։ Բաժինը աշխատանք է ծավալում տարբեր խմբերի ընթերցողների հետ։ Հիմնական գործառույթը գրադարան-ընթերցող կապի ապահովումն է։ Բաժինը կազմակերպում և անցկացնում է բազմաբնույթ միջոցառումներ՝ գրքի շնորհանդեսներ, հանդիպումներ գրողների, արվեստագետների և նշանավոր մարդկանց հետ, ինչպես նաև՝ ցուցահանդեսներ, գրական-երաժշտական ցերեկույթներ։ 2018 թվականին բաժնում բացվել է իսպանական գրականության անկյունը։

Մանկական բաժին

Մանկական բաժինն իրականացնում է շերտավորված սպասարկում՝ ըստ տարիքային խմբերի․ նախադպրոցական տարիք, կրտսեր տարիք, դպրոցական միջին տարիք, դպրոցական բարձր տարիք։ Սպասարկումն իրականացվում է անհատական և խմբային մեթոդներով։ Կազմակերպվում են ուսուցողական բնույթի թեմատիկ միջոցառումներ՝ խաղեր, մանկական գեղարվեստական ֆիլմերի, մուլտֆիլմերի դիտում, հեքիաթների ունկնդրում, գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ գրողների, արվեստագետների և այլ նշանավոր մարդկանց հետ, ինչպես նաև ստեղծագործական ցուցահանդեսներ, գրական-երաժշտական ցերեկույթներ, ինտելեկտուալ մրցույթներ։

Սպասարկման և մանկական բաժիններում ապահովված է ընթերցողների ազատ մուտքը գրապահոցներ (բաց դարակային համակարգ), որտեղ վերջիններս իրենց ճաշակին և նախասիրություններին համապատասխան գրքեր ընտրելու հնարավորություն ունեն։ Բաժիններում աշխատում են փորձառու մասնագետներ, որոնք օգնում են ընթերցողներին գրքեր ընտրել, օգտվել քարտարաններից, ինչպես նաև մասնագիտական խորհրդատվություն ստանալ։

Գրադարանային հավաքածուի պահպանման, hամալրման, մշակման և մատենագիտական աշխատանքների բաժին

Բաժինն ունի առանձին հարուստ ու բազմաբովանդակ հավաքածու, որը սիստեմատիկորեն համալրվում է արդիական գրականությամբ։ Բաժինը կատարում է պարբերական մամուլի բաժանորդագրություն, վարում է պարբերական հրատարակությունների քարտարան։ Մատենագիտական և մեթոդական բաժնի հետ համագործակցելով՝ ապահովում է ընթերցողների տեղեկատու-մատենագիտական սպասարկումը։

Մատենագիտական-մեթոդական բաժին Բաժնի հիմնական խնդիրն է ընթերցողական բոլոր խմբերին տեղեկատու-մատենագիտական սպաասարկմամբ ապահովելը։ Բաժինը վարում է թեմատիկ ( «Քրիստոնեություն 1500-ամյակ», «Հայոց մեծ եղեռն-100», «Վիլյամ Սարոյան», «Հովհաննես Թումանյան», «Թավշյա հեղափոխություն» և այլն) և հանձնարարական քարտարաններ։ Բաժինը կազմում է թեմատիկ հիշարժան տարեթվերին նվիրված հանձնարարական ցանկեր։ Վարում է Երկրագիտական քարտարան, որը հանդիսանում է Կոտայքի մարզին նվիրված բոլոր տպագիր երկերի մասին տեղեկությունների ամենաամբողջական աղբյուրը։ Քարտարանում ընդգրկված են Կոտայքի մարզի բոլոր բնակավայրերի մասին տեղեկություններ։

Համալրման և մշակման բաժին Բաժնի հիմնական խնդիրը գրադարանային հավաքածուների համալրման ապահովումն է։ Համալրումն իրականացվում է հաշվի առնելով ընթերցողների նախասիրություններն ու հետաքրքրությունները, նրանց ներկայացրած պահանջարկն ու գրադարանի մերժումները։ Ապահովում է այբբենական, կարգային և համահավաք քարտարանների ստեղծումը, իրականացնում է նոր ստացված գրականության տեխնիկական մշակումը, կատարում է գրքերի առանձնակի հաշվառում։ Բաժնի ամենօրյա աշխատանքի կարևոր մաս է կազմում ընթերցողական պահանջարկի ուսումնասիրումը։

Բաժինը մասնակցում է հայաստանյան գրադարանների էլեկտրոնային համահավաք գրացուցակի ստեղծման աշխատանքներին։ Հայաստանյան գրադարանների էլեկտրոնային համահավաք գրացուցակը տեղեկություն է տալիս ոչ միայն Կոտայքի մարզային գրադարանի, այլև ՀՀ խոշոր գրադարանների գրքային հավաքածուների մասին՝ ընդլայնելով ավանդական գրադարանային հավաքածուների հասանելիությունը։ Բաժինը, Ազգային գրադարանի հետ համագործակցելով, զբաղվում է նաև պարբերական մամուլի վերականգնմամբ։